Որոնում

198

1. Գողգոթայի սարը ելա երազով,
Տեր Հիսուսի խաչին հասա մուրազով,
Տեսա՝ Տերս արյունոտ էր վերից վար,
Արնաթաթախ բաց վերքերը կերևար:

2. Այդ տեսնելով՝ չէի կարող համբերել,
Ոտքերն ընկա և սկսեցի համբուրել,
Փաթաթվելով՝ Տիրոջս այնպես փարվեցի,
Ինձ թվաց, թե Խաչյալի հետ ձուլվեցի:

3. Լույս սկսեց ճառագել իմ մարմինը,
Ինձ հեղել էր Տիրոջ քավիչ արյունը,
Հենց այդ պահից Տիրոջ սերը հասկացա,
Այդ սիրո մեջ հավերժ մնալ խոստացա:

4. Էլ ո՛չ ահ կար, ո՛չ էլ մահ կար ինձ համար,
Էլ ո՛չ ցավ կար, ո՛չ էլ տանջանք ինձ համար,
Հավերժական փրկությանը փաթաթված՝
Երկինքների երկնից էի նայում ցած: