Որոնում

232

1. Ճերմակաթույր հագած մեկին
Գողգոթայում տեսա ես,
Որոնում էր ինչ-որ մեկին՝
Սիրուց խոցված մեկի պես:
«Ո՜վ բարի մարդ,- ասի նրան,-
Այդպես ո՞ւմ ես ման գալիս»:
Ձեռքը դրած սրտի վրա՝
Ավելի էր մոտ գալիս:

2. Ասաց. «Լսի՛ր, ո՛վ սիրելիս,
Իմ Սիրուհուն ման կգամ,
Դու էլ փնտրի՛ր ու գտնելիս
Ասա` իրեն ման կգամ:
Ասա՛ նրան, որ հաղթեցի
Իր ոխերիմ թշնամուն,
Հիմնահատակ արի նրան՝
Տալով ամենը քամուն:

3. Ասա՛ նրան, որ իր համար
Սիրո վերք եմ ստացել,
Երկիր-երկինք տանող ճամփան
Իմ մարմնով եմ բաց արել,
Որ նա անցնի այդ ճամփայով,
Ինձնով երկինք սլանա,
Սիրտը բացած` գրկիս մեջ նա
Սիրող սրտիս միանա»:

4. Տեսա արնոտ կողը Նրա
Մաքուր ճերմակի տակից,
Արյունոտ էր շորը թեև,
Բայց չէր հանել Իր հագից:
Ասաց. «Կուզեմ այս շորերով
Նշանվել իմ կույսի հետ,
Որ նա տեսնի ու դարերով
Սիրով ապրի միշտ ինձ հետ:

5. Գնա՛, գտի՛ր իմ սիրուհուն,
Թե ծարավ է՝ ջուր կտաս,
Թե պաղել է նա Ինձանից,
Իմ կրակից հուր կտաս:
Ասա՛ նրան, որ շատ շուտով
Կգամ, ինձ մոտ կտանեմ,
Գգվանքներով ու կարոտով
Փառաց տեղս կհանեմ»:

Youtube ♪♫ ➤